38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Քաղաքավարության կեղծ ժեստերն ու պղծված արժեքները

Քաղաքավարության կեղծ ժեստերն ու պղծված արժեքները
17.06.2023 | 21:51

Դեպքառատ օրեր են:

Կարծես սև ամպեր կուտակված լինեն հայրենիքիս գլխին:

Եվ այդ ամպերը ցրող չկա, ընդհակառակը՝ ինչքան ասես փորձանք բերող, բախտախնդիր ստահակներ կան:

Նորից զոհերի, վիրավորների, սահմանային բախումների, լայնամասշտաբ պատերազմի հավանականության, ռազմաշունչ հռետորաբանության, բայց և փափուկ ուժի կիրառման դեմոնստրացիայի, արդարացումների, քծնանքի ու մանիպուլյացիաների ականատեսն ենք:

Այսօրվա «քաղաքական շուկան» իր էքստրավագանտ տեսականիով, իր հարուստ մենյուով ու գնացուցակով մեզ հիացնում է:

Եթե շաբաթվա սկզբին ականատեսն էինք

Մուստաֆաև-Գրիգորյան «զանգեզուրյան միջանցքի» իրարամերժ հայտարարությունների բումերանգին, ապա երկու օր անց, Ալիևն այդ հարցում դրեց վերջակետ՝ ասելով, որ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է և ինչքան շուտ բացվի, այնքան լավ։ Հայաստանն այլ տարբերակ չունի և պետք է համակերպվի միջանցքի բացման մտքի հետ»:

Դե իսկ Էրդողանն էլ կնիքեց Ալիևի ասածը՝ ավելացնելով, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ՝ Իրանից։

Որ Թեհրանի դիրքորոշումը վշտացնում է Բաքվին և Անկարային, բայց և վստահ է, որ այդուհանդերձ իրանական կողմի հետ կգան ընդհանուր հայտարարի:

Վերջինս նաև հավելեց, որ Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Շուշիում, և որ դա կլինի ուղերձ՝ աշխարհին և հատկապես Հայաստանին։

Իսկ մնացա՞ծը.

մնացածը՝ գովասանքի ու գոհունակության խոսքեր էին՝ շռայլված ՀՀ վարչապետին:

Էրդողանը շատ բարձր է գնահատում, այն որ Փաշինյանն իր երկրում հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ ու ընդդիմադիր տրամադրություններ և եկավ Թուրքիա՝ իր ինաուգուրացիային:

Որ անկախ երկրի ներսում առկա լուրջ դիմադրությանը՝ Փաշինյանը ոչ մի հետքայլ չի արել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու իր հայտարարությունից, այլ նաև պատրաստ է բավարարել Ալիևի նույն այդ պահանջը վերջնականապես՝ դե յուրե:

Իսկ մի շարք երկների լիդերներ, ի դեմս ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ անկեղծորեն տարակուսանքի խոսքեր պետք է ասեն, առ այն, որ Հայաստանը ԼՂ-ն ներառել է Ադրբեջանի կազմի մեջ։

Որ առաջին անգամ Հայաստանի ղեկավարն աներկբա ճանաչել է Արցախի տեղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ Իսկ դա աննախադեպ է:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով արել է այդպիսի հայտարարություն և պատրաստ է ստորագրելու այն:

Այո՛, նա անկեղծ է ու դուխով:

Դրա համար էլ իր մեջ համարձակություն գտավ անելու այն, ինչի համարձակություն չունեին նախկին բոլոր ղեկավարները.

ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս:

Եվ դա կարողացավ անել կոնկրետ պատերազմից հետո, քանզի մինչ այդ Արցախը Հայաստան էր և վերջ:

Պարզապես տանուլ տված պատերազմն էր պետք, որպեսզի հանձնում-ճանաչումը ճիշտ փաթեթավորվեր:

ՈՒ մեկը չկա ասի, որ եթե Հայաստանը պաշտոնապես պատերազմի կողմ չի համարվում, Ալիևն էլ պնդում է, որ արցախահայերն էլ իր քաղաքացիներն են, որոնց հետ նա առանց միջնորդների է գտնելու ընդհանուր լեզու, ապա ինչու՞ կամ ի՞նչ հիմքերով է ՀՀ վարչապետը պատրաստվում նման փաստաթուղթ ստորագրել՝ այդկերպ արցախահայերի փոխարեն որոշել նրանց ճակատագիրը:

Մանավանդ, որ ինքն անձամբ է բազմիցս արձանագրել, որ իրավասու չէ խոսել Արցախի ու արցախահայերի անունից կամ նրանց փոխարեն:

Ստացվում է՝ այդ ամենի իրավունքը նա չունի, բայց կոնկրետ նրանց վերաբերվող ճակատագրական փաստաթուղթ ստորագրելու իրավունք ունի:

Աբսուրդ:

ՈՒ քանի դեռ նման աբսուրդները դառնում են իրականություն, ապա ի հավելումն նաև ասեմ, որ հայկական կողմի հետ, առնվազն երեք անգամ քննարկվել ու մոտավոր ցուցակ է փոխանցվել այն գյուղերի, որտեղ ադրբեջանցիները ցանկանում են վերադառնալ ու տեր կանգնել իրենց երբեմնի անշարժ գույքին։

Բաքուն բազմիցս է հայտարարել, որ դա իր կարևորագույն պահանջներից է։

Իսկ հայկական կողմը ժամանակ է խնդրել՝ հասկանալու, թե ինչպես է դա անելու.

ի դեպ, սկզբունքորեն դեմ չլինելով, սակայն նշելով, որ միայնակ դա չի կարող անել:

Նույն սկզբունքով, Բաքվից գալիս են հստակ մեսիջներ, որ 1975 թ-ի քարտեզները հիմք ընդունելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել, ինչպես որ պատեհ ու անպատեհ ամենուրեք բարձրաձայնում է հայկական կողմը:

Իսկ մինչ այդ, այս ամենի ֆոնին, երբ ամեն ինչ մարսվում է, հերթական մարսելու թեման դարձել է զինանշանի ու պետական օրհներքի՝ իբր ոչ պատշաճ, ոչ ակտուալ, նրանց անհասկանալի ու աբսուրդային լինելը:

Եթե օրեր առաջ բարձրաձայնվեց, որ «Նեմեսիսի» արձանի տեղադրումը էմոցիոնալ, հետևաբար՝ սխալ որոշման արդյունք էր, հետո առաջարկվեց Արարատին նայելու փոխարեն հայացքներս սևեռենք Արագածին, ապա այսօր էլ՝ հրաժարվենք ՀՀ զինանշանի Նոյան Տապանից, հայկական 4 թագավորությունները խորհրդանշող կենդանիների պատկերներից:

Պատճառաբանությունները՝ իր ֆանտաստիկ ֆանտազիայի ու անձնական խոհափիլիսոփայական զեղումներից:

Ի՞նչ գործ ունեն Արարատը, առյուծը, 4 դինաստիաները զինանշանի վրա:

Հայաստանի անտառներում առյուծ չկա, Արարատը Թուրքիայում է, ներկայիս Հայաստանը ջրհեղեղի տակ մնացած, թագավորություններն էլ պատմության գրկում են:

Ի՞նչ կապ ունի այս ամենը մեր պետության հետ:

ՈՒ այս ամենն ասում է երկրի ղեկավարը:

ՈՒ հիմա ինչ-որ մեկը պետք է նրան բացատրի, որ զինանշանի սիմվոլները շատ ճիշտ են ընտրված ու խորհրդանշական են:

Որ այն մեկ պատկերում արտահայտում է հայ ժողովրդի փառահեղ պատմությունը, ինքնությունը, մարմնավորում է հայ ազգի անցյալն ու ապագան, միաժամանակ՝ երազանք-նպատակը:

Երբ սկսում են խոսել որևէ պետության զինանշանի փոփոխության կամ վերացման մասին ուրեմն նպատակը մեկն է՝ պետության ու պետականության ոչնչացումը:

Չեմ զարմանա, որ մի օր էլ ասի՝ եռագույնի գույները սխալ են ընտրված, կամ որ Սյունիքը հեռու է, լեռները շատ են, հասնելը՝ դժվար, մեզ այն պետք չէ… ու դա էլ մարսվի:

Անկլավների թեման, օրինակ մարսվեց:

Փաստ է.

պատվիրատուի հրամայականով ու թելադրանքով՝ Մասիսը զինանշանից հանելու օպերացիայի մեկնարկն է:

Եվ հետո.

պարզվում է, որ «գուցե ամենամեծ սխալը եղել է այն, որ վստահել ենք մեր բանակին»:

Հիմա ինչպե՞ս չասես, որ ամենամեծ սխալը ոչ թե բանակին, այլ քեզ վստահելն էր ու մանդատ շնորհելը:

Բանակից ու բանակին չվստահելուց խոսում է մեկը, ով բանակում չի ծառայել, ով զորամասն ու զենքը չգիտի թե ինչ է, ով զինվորականների կոչումներն իրարից չի տարբերում ու այսօր հենց այդ բանակի գերագույն գլխավոր հրամանատարն է համարվում և այդ կոչումով պատերազմ էր ղեկավարում:

Ով բարձրաստիճան սպայական աձնակազմին՝ իր ծանոթ-բարեկամ, ծոցի ընկեր սկզբունքով է նշանակում:

Որոնցից պահի տակ նեղանում է, մի օր պատասխանատվության կանչում, մեկ ուրիշ օր էլ՝ արդարացնում:

Ում պաշտպանության նախարարն անգամ ատրճանակը հրացանից չի տարբերում, ուր մնաց Գենշտաբ ու ՊՆ ղեկավարի:

Որոնց օրոք է տեղի ունեցել պատերազմը,

որոնք ղեկավարել են այդ բանակը պատերազմի ժամանակ, սակայն իրենց արկածախնդրություններով՝ հազարավոր զինվորների թափված արյան, հաշմանդամ դարձած երիտասարդների, տարածքային ու սպառազինության կորստի և, ի վերջո, պարտության պատճառ են դարձել:

Իսկ այսօր իրենց վերապահում են կասկածանքով խոսել, անգամ հեղինակազրկել նույն այդ բանակը:

Հենց այն բանակը, որը հաղթանակներ է մեզ պարգևել, անսասան է պահել երկրի սահմաններն ու ապահովել է մեր բոլորի անդորրը:

Ինչևէ, շարունակում ենք չզարմանալ, շարժվում ենք՝ «կյանք է, ամեն ինչ պատահում է, Աստված էլ բեթարից ազատի» ապատիկ սկզբունքով:

Նման սկզբունքով ու ի միջի այլոց վարքագծով էլ շարժվում են գործող իշխանությունները՝ հատկապես Արցախի հարցում:

Իսկ մինչ այդ, Արցախում հումանիտար աղետը հասել է իր գագաթնակետին:

Ինչպես գիտենք, Բերձորում տեղադրված ադրբեջանական անցակետի մոտ տեղի ունեցած դեպքի պատրվակով, Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Բերձորի (Լաչինի) միջանցքով:

Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:

Կարմիր խաչը ևս չի իրականացնում իր գործառույթները:

Հուսանք, այս խոչընդոտումը ժամանակավոր է:

Եվ որ Լենցովը ինչպես ադրբեջանական դրոշը տեղադրելու հարցում ադրբեջանցի սահմանապահների համար վահան էր դարձել, այնպես էլ իրենց ենթակայության ու պատասխանատվության տակ գտնվող միջանցքը նույն ջանասիրությամբ կբացի:

Մանավանդ, որ ի՞նչ ադրբեջանական անցակետ, ի՞նչ դրոշ, այդ հատվածում ի՞նչ ադրբեջանցի, այն էլ զինվորական պետք է լիներ, որ այսօր էլ նման արհեստածին միջադեպերի ականատեսը դառնայինք, արդյունքում էլ 120 հազար մարդ՝ պատանդ մնալով սովամահության մատնվեր:

Ինչևէ, ոչինչ չի մնում քան հուսալ, որ դուրս ենք գալու այս մղձավանջից ու քաոսից:

Համբերություն մեզ բոլորիս, հատկապես Արցախի մեր քույր ու եղբայրներին:

Այս ամենը ժամանակավոր է, հարգելի՛ գիտակից հայրենակիցներ:

Այս ամենը նաև խրատ է մեզ բոլորիս:

Իրավիճակը շտկելուց հետո հետևություններ ունենք անելու:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2040

Մեկնաբանություններ